Home / ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ / ԱԺ ընտրությունների արդյունքները մնում են անփոփոխ․ ՍԴ-ն մերժեց ընդդիմադիրների դիմումները

ԱԺ ընտրությունների արդյունքները մնում են անփոփոխ․ ՍԴ-ն մերժեց ընդդիմադիրների դիմումները

Սահմանադրական դատարանը (ՍԴ) մերժեց ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմումները՝ անփոփոխ թողնելով հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտնեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ հրապարակելով դատարանի որոշումը։

«Սահմանադրական դատարանը որոշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշումը թողնել ուժի մեջ։ Այն վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից», – նշեց նա։

Ընտրություններին մասնակցել էին 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) ստացել էր ընտրողների քվեների 4%-ը և կարող էր մտնել խորհրդարան։ Սակայն ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով ԲՀԿ-ն կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։

Հունիսի 14-ին ԿԸՀ-ն հրապարակեց վերջնական արդյունքները, համաձայն որի՝ ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան՝ ստանալով ընտրողների 3.9893%-ը (58287 քվե)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ Ազգային ժողովի նոր կազմը կունենա հետևյալ կառուցվածքը․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ՔՊ) կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

Հունիսի 19-ին ընտրությունների արդյունքները վիճարկելու համար ՍԴ դիմել էին 7 քաղաքական ուժեր։ ՍԴ-ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել էր հունիսի 26-ին։