Home / ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ / Կանանց միջազգային պատվիրակության նախաձեռնությունը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ տեսակցելու նպատակով

Կանանց միջազգային պատվիրակության նախաձեռնությունը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ տեսակցելու նպատակով

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոիկա Զոնաբենդը, հրապարակել է հայտարարություն, որում նախաձեռնում է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցը Ադրբեջան՝ Ադրբեջանի Հանրապետությունում պահվող հայ գերիներին տեսակցելու նպատակով։

Այս նախաձեռնության հիմնական նպատակը բացառապես մարդասիրական բնույթ է կրում։ Պատվիրակության անդամները նախատեսում են հանդիպել Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի հետ, ինչպես նաև տեսակցել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին՝ նրանց փոխանցելով հարազատների կողմից պատրաստված նամակները, լուսանկարները և այլ թույլատրելի անձնական իրերը։

Նախաձեռնության իրականացման համար անհրաժեշտ է ապահովել բոլոր փուլերի կանխատեսելիությունն ու համաձայնեցվածությունը՝ սկսած պատվիրակության անդամների մուտքից Ադրբեջան, մինչև գերիների հետ տեսակցության կազմակերպումը և նրանց անվտանգ վերադարձը։ Այդ պատճառով Վերոիկա Զոնաբենդը հրապարակային նամակներով դիմել է մի քանի միջազգային և պետական կառույցի ղեկավարներին՝ խնդրելով աջակցություն։

Այս նպատակով նամակներ են ուղարկվել՝

Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային՝ խնդրելով աջակցել այցի կազմակերպմանը և ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ ապահովելով այն իր գրասենյակի հովանու ներքո։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերին՝ խնդրելով դիտարկել ԿԽՄԿ-ի մանդատի շրջանակում աջակցություն, խորհրդատվական օժանդակություն կամ մասնակցություն ցուցաբերելու հնարավորությունը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տեղեկացնել ՀՀ կառավարության կողմից հնարավոր քայլերի, համակարգման կամ գործնական աջակցության մասին։
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ խնդրելով դիվանագիտական ուշադրություն և եվրոպական կառույցների կողմից հնարավոր աջակցություն։

Վերոիկա Զոնաբենդը նշում է, որ նման նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի երկարատև կալանքի տակ գտնվող մարդկանց համար, քանի որ այն ապահովում է նրանց առողջական վիճակի, պահման պայմանների և ընտանիքի հետ կապի հնարավորությունը։