Որպես հոգևոր գործիչ, ես ստիպված եմ արձագանքել վերջին օրերին հասարակությանը խորապես մտահոգող իրադարձություններին։ Իմ սիրտը ծանր է, երբ ականատես եմ դառնում այնպիսի գործողությունների, որոնք, թերևս, ոչ միայն վնասում են մեր հավատի հիմքերը, այլև խաթարում են մեր եկեղեցական համայնքների ներքին խաղաղությունը։
Այսօր ես պետք է խոսեմ այն թեմական առաջնորդների մասին, ովքեր, իմ կարծիքով, իրենց պարտականությունները կատարելու փոխարեն, հասել են մինչև այն կետը, որ սկսել են պարտադրել իրենց կամքը հավատարիմ քահանաներին, սարկավագներին և դպիրներին։ Նրանք, ովքեր պետք է լինեին հավատի օրինակներ, այժմ հայտնվում են ապստամբության և անհարգության ճանապարհին։
Ինչպե՞ս է հնարավոր, որ «բարենորոգիչ» համարվող առաջնորդ հրահանգի իր ենթականերին զեղչել Վեհափառ Հայրապետի անունը Պատարագի ընթացքում, զեղչել Կաթողիկոսի և իր իսկ առաջնորդի անունը, չաղոթել նրանց համար, և այս ամենը պարտադրել իր հերթին եկեղեցու սուրբ խորանին ծառայողներին։ Ինչպե՞ս է հնարավոր, որ նույնիսկ երգչախմբին հրահանգվի զեղչել Հայրապետական մաղթերգը, իսկ երիտասարդաց միություններից հեռացվեն այն երիտասարդները, ովքեր հավատարմություն են հայտնում Մայր Աթոռին և իրենց առաջնորդին։
Այս գործողությունները ոչ միայն անհարգալից են, այլև խորապես անհասկանալի։ Ինչպե՞ս կարող է հավատարմությունը դառնալ պարտադրության առարկա։ Ինչպե՞ս կարող է ապստամբությունը դառնալ «բարենորոգման» միջոց։
Իմ հոգին ցավում է, երբ լսում եմ, թե ինչպես են նրանք սպառնում հեռացնել ծառայության վայրից այն քահանաներին, ովքեր հավատարմություն են հայտնում Մայր Աթոռին և Վեհափառին, ինչպես են շանտաժի և սպառնալիքի միջոցով պարտադրում հավատարմություն հայտնել իրենց շինծու ծրագրին։
Սա՞ է ձեր «բարենորոգումը»։ Որպես տիրադավի և եկեղեցադավի, ես աղոթում եմ, որ դուք վերադառնաք Մայր Եկեղեցու կանոնական դաշտ, իսկ եթե ոչ՝ վարձքներդ Աստծուց առնեք։
Ես հավատավոր հոտին կոչ եմ անում մնալ հոգևոր արթնության մեջ։ Ինչպես Քրիստոսը ասել է՝ «Վե՛ր կաց դու, որ ննջում ես, կանգնի՛ր մեռելների միջից, և Քրիստոս պիտի լուսաւորի քեզ»։ Մնացե՛ք արթուն, որպեսզի չարժանանաք Տիրոջ խստագույն խոսքին, թե. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»։
Մինչև որ Տերը մաքրի Իր տունը մինչև վերջին դպիրը և ուխտի մանուկը, մենք պետք է համբերենք և հավատարմորեն պաշտպանենք մեր հավատի սուրբ հիմքերը։