Իրանա-ամերիկյան հարաբերությունների լարվածության պայմաններում ԱՄՆ-ի կողմից հայտարարված 25 տոկոս մաքսատուրքի սպառնալիքը, որը կարող է կիրառվել Իրանի հետ առևտուր ունեցող երկրների նկատմամբ, Հայաստանի համար խիստ մտահոգիչ իրավիճակ է ստեղծում։ Այս հարցին անդրադառնալով՝ ես, որպես տնտեսագետ, նշում եմ, որ Հայաստանը, իր անկախությունից ի վեր, ունեցել է մշտական և հաճախ անհրաժեշտ առևտուր Իրանի հետ։
Հայաստանի համար Իրանը ոչ միայն առևտրային, այլև ռազմավարական գործընկեր է։ Արևմուտքի և արևելքի սահմանները շրջափակման պատճառով փակվելու դեպքում մեր հանրապետությունը Իրանի հետ առևտուրը դիտարկում է որպես միակ հնարավորություն։ Այս հանգամանքը մենք միշտ փորձել ենք ներկայացնել ամերիկյան գործընկերներին՝ պահպանելով բալանս Արևմուտքի և Իրանի հետ հարաբերություններում։
Ամերիկյան կողմը մինչև այժմ հասկացել է այս իրավիճակը և Հայաստանի նկատմամբ խիստ սահմանափակումներ կամ պատժամիջոցներ չի կիրառել։ Թեև որոշ ոլորտներում եղել է բավականին խիստ վերահսկողություն՝ հաշվի առնելով Իրանի հետ սահմանը, գլոբալ առումով Հայաստանը չի ունեցել պատժամիջոցներ։
Այսպիսով, նույնիսկ 50 տոկոս մաքսատուրքի կիրառման պարագայում Հայաստանը չի կարող հրաժարվել Իրանի հետ առևտրից։ Տնտեսական տեսանկյունից դիտարկելիս՝ ԱՄՆ-ի հետ մեր առևտուրը կազմում է մոտ 60 միլիոն դոլար, որից մոտ 2/3-ը ոսկյա զարդերն են։ Իրանի հետ մենք արտահանում ենք մոտ 100 միլիոն դոլարի ապրանք։ Այսպիսին է մեր առևտրային հարաբերությունների կառուցվածքը։ Իրավիճակը փոխվում է, երբ դիտարկում ենք ներկրման ծավալները։ ԱՄՆ-ից մենք ներկրում ենք մոտ 300 միլիոն դոլարի ապրանք, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն այստեղ շահող կողմն է, իսկ մենք պետք է քննարկումների մեջ ներկայացնենք այս հանգամանքը։
Հայաստանի համար կարևոր է շարունակել առևտուրը Իրանի հետ՝ միաժամանակ ակտիվորեն բացատրելով իրավիճակը ամերիկյան գործընկերներին։ Պետք է նաև ցույց տանք իրանական կողմին, որ մենք լուրջ աշխատանք ենք կատարում և որոշակի ռիսկեր ենք կրում՝ իրենց հետ առևտուր անելու համար։
Եթե մեր առջև դրվի ընտրություն, պետք է ընտրել Իրանի հետ առևտուրը։ Իրանը ոչ միայն առևտրի հնարավորություն է, այլև տարանցիկության հնարավորություն։ Երբ Վրաստանի սահմանը փակվի, մենք ունենք տարանցիկ ճանապարհ Իրանով։ Մենք չենք կարող հավասարացնել Իրանի և ԱՄՆ-ի հետ ունեցած մեր առևտուրը։ Մեզ համար առաջնային է պահպանել Իրանի հետ բաց սահմանները, գործընկերային մթնոլորտը, հաշվի առնելով մեր պատմական կապերը, մեր սփյուռքի առկայությունը և մեր տնտեսական նախագծերը։